Զոհված ազատամարտիկ Արշավիր Ասլանյանի ընկերներն ու հարազատները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին

«Կարմրաշենցի Արծիվը», ինչպես անվանում են մարտական ընկերները, Դաշնակցության՝ Արցախ մեկնած առաջին կամավորներից էր:
arshavir-aslanyan

Արցախյան ազատամարտի մասնակիցներից Արշավիր Ասլանյանը կդառնար 60 տարեկան: Հերոսի հայրենի Կարմրաշենում ընկերներն ու հարազատները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին:

Արշավիր Ասլանյանի անունը կրող դպրոցում էլ միջոցառում է կազմակերպվել:

«Կարմրաշենցի Արծիվը», ինչպես անվանում են մարտական ընկերները, Դաշնակցության՝ Արցախ մեկնած առաջին կամավորներից էր: 4 զավակների հայրը գյուղի ձորաբերանին տուն էր կառուցում, սակայն անավարտ էր թողել ու մեկնել Շահումյան: Նա մեկնել էր այնտեղ, ուր իրավիճակն առավել ծանր էր: Ընկերների հետ Արշավիր Ասլանյանն ազատագրել էր Բուզլուխը, Էրքեջը, Մանաշիդը:

Արշավիր Ասլանյանը մանկավարժ էր, սպորտի սիրահար: Նա կկարողանար ավելի շատ սաների կրթել, եթե 1991 թվականի հոկտեմբերի 11-ին Կարաչինարի պաշտպանության ժամանակ հաջողվեր խուսափել թշնամու գնդակից: Արշավիր Ասլանյանի նախաձեռնությամբ Կարմրաշենի բարձունքում մարդու արտաքինի նմանվող քարը, որ նրա պատկերացմամբ մոտ էր խորհող մարդու կերպարին, դարձել է «Նժդեհի հուշարձան»: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց հուշարձանի կողքին կանգնեցվելու են նաեւ ուրիշներինը, այդ թվում` իրենը:

*

*