Երկար բանավեճից հետո Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը հանվեց կառավարության օրակարգից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այս որոշմամբ ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում:
karavarutyun (2)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը հանվեց կառավարության նիստի օրակարգից: Ըստ նախարարի՝ նախագիծը վերաբերում էր անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների բուժման ծավալներին, որից օգտվելու իրավունք ունեն երկու տարի և ավել անպտղություն ունեցող անզավակ զույգերը, երբ ամուսիններից մեկը զինծառայող է, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուները, սահմանամերձ համայնքում բնակվող զույգերը և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այս որոշմամբ ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում:

Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ ծրագիրը նոր է, մինչև հիմա չի եղել, ուստի շահառուների թիվն են հստակեցնում, որ իմանան, թե ով կարող է օգտվել:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հարց է ծագում՝ կառավարության որոշման մեջ ներկայացված շրջանակի բոլոր շահառուները կարողանալո՞ւ են օգտվել ծրագրից, թե «գումարն ավարտվելու է, մարդկանց ասելու ենք՝ չէ»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, թե լինելու է հերթագրում, բացի այդ, նախապայմանները շատ են, բոլոր ցանկացողները չէ, որ համապատասխանելու են չափանիշներին:

«Պարզ է, որ ոչ բոլոր անպտղությամբ տառապող զույգերն են, որ այս ծրագրի շահառու են: Կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց վերաբերում է: Հարցն այն է, թե Ձեր նշած շրջանակի բոլոր շահառուներին մենք կարողանալո՞ւ են սպասարկել, թե ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նախարարը նշեց, որ նույն տարվա մեջ բոլորին սպասարկել չեն կարողանալու, տարեկան 85 զույգի հնարավոր կլինի սպասարկել»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դա պոտենցիալ շահառուների չնչին մասն է:

«Պետք է հստակ ասենք: Այս որոշմամբ հատկացված գումարի ծախսման մեխանիզմն ենք որոշում, կրկին մարդիկ հերթագրվելու են, բայց ի՞նչ սկզբունքով, ո՞վ է որոշելու՝ ով է առաջինը, ով՝ 4-րդը: Այս ծրագիրը նախկինում հենց այս պատճառով է ընդհատվել: 200 մլն հատկացնում ենք, բայց շահառուների շրջանակը լայն է, և ինչպե՞ս են մարդիկ հայտնվելու այս ցուցակում՝ ծանոթո՞վ, բարեկամո՞վ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ծրագիրը կարող է բազմաթիվ ընտանիքների պարգևել երեխա՝ անկախ նրանից, որ դրանք չլինեն բոլոր ընտանիքները, ովքեր ուզում են երեխա:

Թորոսյանն ասաց նաև, որ զույգերը, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, չեն լինելու հազարավորները, լինելու են հարյուրավորները, որոնք սպասարկվելու են՝ ըստ դիմելու ժամանակահատվածի:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց հստակեցնել, որ որոշման մասին իմանալով՝ մարդիկ հազարներով դիմելու են ծրագրից օգտվելու համար, ու մարդկանց պետք է բացատրել՝ ի սկզբանե ո՞ւմ վրա է տարածվելու, որ վերջում իրեն խաբված չզգան: Փաշինյանը նաև հարցրեց՝ որքա՞ն է պոտենցիալ շահառուների թիվը:

Թորոսյանն ասաց, որ կա անպտղության տոկոս, բայց բոլորը չէ, որ ունեն այս տեխնոլոգիաների կարիքը: Վարչապետը հարցրեց նորից՝ այս ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը կա՞: Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ չկա: «Բա ինչո՞ւ ենք այսպիսի որոշում կայացնում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Արսեն Թորոսյանն ասաց, որ սահմանափակ է ֆինանսավորումը:

«Դուք ասում եք՝ տարեկան 80 զույգի ենք սպասարկում: 700 զույգից ինչպե՞ս է որոշվում, թե որ 80 զույգն են սպասարկվում: Սա լինելու է ծանոթ-խնամի-բարեկամ եղանակով, ով ում հետ ավելի մոտիկ է, ով ավելի արագ կարող է հասնել: Ծանոթի մեխանիզմով է աշխատելու: Բացատրեք այն մեխանիզմը, որով հազար շահառուից ընտրվելու են 80-ը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ նախարարությունը չունի հստակ գնահատական, թե իրենց սահմանած չափանիշներով քանիսն են, որ ունեն անպտղության խնդիրներ. «Կարող է լինել վարկած, որ նման զույգերի թիվը 4000 է, որոնց ասում ենք, թե ձեզնից 80-ին ենք սպասարկելու, բայց ո՞նց ենք ընտրելու, ծանոթո՞վ»: Փաշինյանը նշեց, որ որոշվելու է «կոռուպցիայով, ծանոթով կամ բարեկամով»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ 4000 շահառուի մասին խոսք լինել չի կարող, խոսքը մի քանի հարյուր հոգու մասին է, իսկ տվյալներ չկան, որովհետև նախկինում ծրագիր չի եղել, որին դիմեն:

«Եթե ինչ-որ մեկը գալիս է լեղապարկի քարի հեռացման համար, և չկա սահմանված բյուջե, մարդը հերթագրվում է, և դա արվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, և ես կարող եմ նայել, թե ովքեր են հերթագրված պլանային վիրահատումների համար: Նույնը լինելու է այս դեպքում: Գումար չի վատնվելու, լինելու է բժշկական վիճակագրություն, եթե երկու անգամ չի ստացվում՝ երրորդ անգամ չի ստացվելու»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց, թե պարզ չէ՝ ինչ նպատակ է հետապնդվում կառավարությունն այս որոշմամբ, որովհետև ընտրությունը կատարվելու է՝ ելնելով սոցիալական բնույթից:

«Կառավարության մասնակցությունն այստեղ ո՞րն է: Եթե մենք հիմա սոցիալական խումբ պետք է քննարկենք, թե ում համար է այս ծառայությունը, դա բուժծառայության հետ կապ չունի: Սկզբից պետք է գնահատել՝ սրա կարիքը սոցիալական տեսակետից կա՞, թե ոչ, կառավարությունը պե՞տք է վերցնի իր վրա այս չափով ծրագիրը՝ անորոշության նման չափով»,- ասաց Ջանջուղազյանը:

Թորոսյանը հակադարձեց, որ եթե «ծրագիրն անիմաստ էր, ապա չպետք է ներառվեր բյուջե»: Նա ասաց, որ ամեն ինչ անորոշ չէ, շրջանակն էլ վաղուց որոշված է եղել:

«Մենք մարդուն հույս ենք տալիս, մարդը 36 տարեկան է, հաշվառվում է, հերթը հասնում է, երբ 40 տարեկան է ու դուրս է մնում շահառուների շրջանակից: Խաբելը էլ ինչպե՞ս է լինում: Մարդն այսօր լուրերով լսում է, թե պետությունն իրեն շանս է տալու, գնալու է, որ դիմի, ասելու են՝ 2022-ին արի, բայց ինքն այդ ժամանակ էլ շահառու չի լինելու: Պետք է փաստարկների դաշտում գործել: Էս հարցերը կքննարկեք, կբերեք, կլուծենք, հիմա օրակարգից հանվում է հարցը»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկ Մեկնաբանություն
  • Anush Karapetyan
    11 июля 2019 at 18:21

    Ափսոս, որ ծրագիրը մերժվել է, բոլոր դեպքերում այն օգտակար կլիներ, անկախ այն բանից, թե օգտվողն ում բարեկամն է՝ կարևորը՝ երեխա կծնվեր:

  • *

    *