Ֆրանսիայի դեսպանն անուղղակիորեն պաշտպանել է Արփինե Հովհաննիսյանին

Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը...
arpine-hovhannisyan

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է  ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ կապված դեպքին։

Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ և անհրաժեշտ արձագանք է տվել:

ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով թեմային, նշել էր, որ մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ «Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է։ Հակառակ դեպքում չենք էլ ունենա համերաշխություն հասարակությունում»։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում տեղ գտած քննադատություններին, ասել էր.

«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Հավելենք, որ քիչ առաջ լրագրողները փորձել են Ազգային ժողովում խոսել Անդրանիկ Քոչարյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որովհետեւ ոչ թե ինքն է վիրավորել, այլ Արփինե Հովհաննիսյանն է իրեն վիրավորել՝ կոռուպցիոներ անվանելով։

*

*