Կկառուցվի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն

Բարեգործական համերգին կմասնակցեն Արամ MP3-ն, Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը...
aram-xachatryan-hamergasrah

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները համախմբվել են բարեգործական ծրագրի շուրջ: Նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ, որին կմասնակցեն Արամ MP3-ն, Հասմիկ Կարապետյանը, Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նարե Գեւորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլք։ Միջոցառման հումորային հատվածը վստահված է Հայկ Պետրոսյանին, իսկ երեկոն կվարեն Ժակը և Լուսինե Բադալյանը։

Բարեգործական համերգի նախաձեռնող «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն: Բարեգործական համերգից ստացված հասույթը կուղղվի այդ կենտրոնի ստեղծման գործին:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կազմակերպության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունիննշեց, որ  նոյեմբերի 29-ին կայանալիք համերգն առաջինը չէ: Հայաստանում և Սփյուռքում իրականացվում է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների շարք` բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ:

«Արդեն մի քանի համերգ կայացել է: Նոյեմբերի 29-ին սպասվող համերգն ամփոփիչ է լինելու: Համերգը բավական հագեցած ծրագիր է ունենալու, հնչելու են ժողովրդական, էստրադային երգեր: Տոմսերի արժեքի հետ կապված նախընտրում ենք գնային ցածր սանդղակ: Տոմսերի համար սահմանել ենք 1000, 1500 և 2000 դրամ: Մատչելի տարբերակ ենք ընտրել, որ մեր համաքաղաքացիների համար հարմար լինի: Կարծում եմ, որ վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում ներդրում ունենալու հիանալի հնարավորություն է»,-ասաց Մարիամ Հովունին:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ իրենք օժանդակություն են ցուցաբերում մանկական ուղեղային կաթված ունեցող շուրջ 200 երեխայի: Տրամադրում են սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ:

«Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ պետպատվերի շրջանակում իրականացվող վերականգնողական ծառայությունները բավարար չեն: Որոշեցինք ստեղծել այնպիսի վերականգնողական կենտրոն, որ ոլորտում եղած բացը լրացնի և առաջարկի բուժման այլընտրանքային լուծում»,- ասաց Սերյոժա Օհանջանյանը: Նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնում են, որ երեխաներին ամեն օր 3-4 վերականգնողական կենտրոն են տանում, ինչը բարդ է, հոգնեցուցիչ և երեխաների վրա դրական ազդեցություն չի թողնում:

Նախատեսվում է, որ նոր կենտրոնը կմեկտեղի մի քանի ծառայություն: Կենտրոնը երեխաների համար լինելու է անվճար, սակայն ներդրվելու է այնպիսի մեխանիզմ, որ այն ինքնածախսածածկող լինի: Ներկայում բանակցություններ են տարվում կառավարության հետ, որպեսզի կենտրոնի կառուցման համար տարածք տրամադրվի: Ամենայն հավանականությամբ, տարածքի տրամադրման հարցը կկարգավորվի մինչև 2018 թվականի մարտը:

*

*