«Արմենպրես»-ն ու IRNA-ն զարգացնում են Հայաստանի ու Իրանի կապերը

Կարևորագույն հարց է նաև երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ճանաչողության մակարդակի բարձրացումը:
aram-ananyan

Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշակույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում կարող եք հանդիպել իրանական տարբեր հաստատությունների, սննդի ու առևտրի օբյեկտների:

«Այս ամենը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների նշան է: Սակայն սա նշան է նաև, որ մենք պետք է խորացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Անանյանը: Նրա խոսքով՝ կարևորագույն հարց է նաև երկու ժողովուրդների՝ միմյանց ճանաչողության մակարդակի բարձրացումը:

Անանյանն անդրադարձել է նաև ժամանակակից աշխարհում լրատվության խնդիրներին՝ նշելով, որ համաշխարհային զարգացումների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության տրամադրումը կարող է օգնել խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ ավանդույթ ունեցող լրատվական գործակալությունները, որոնցից է նաև «Արմենպրես»-ը, ձգտում են ներկայացնել իրականում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև՝ փորձագիտական գնահատականներ:

*

*