Արմեն Սարգսյանը հերքել է Վազգեն Սարգսյանի եւ «Լիդիան Արմենիա»-ի մասին լուրերը

21-րդ դարի սկզբում առկա է այսպես կոչված «սուտ լուրի» ֆենոմենը: Սա գլոբալ երևույթ է
armen-sargsyan-1

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:

«Լիդիանի» պատմությունը՝ հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ հստակ ձևակերպում է։ Իմ հարաբերությունն այդ ընկերության հետ եղել է շատ պարզ։ Եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ես պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան:»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ:

«Վերջերս Դավոսում կրկին քննարկվեց այն խնդիրը, որ 21-րդ դարի սկզբում առկա է այսպես կոչված «սուտ լուրի» ֆենոմենը: Սա գլոբալ երևույթ է, գլոբալիզացման ձևերից մեկը, և, վերջապես, մարդիկ հասկացան, որ դա նաև շատ հզոր գործոն է, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին երկրների տարածքում, այլև միջպետական հարաբերություններում: Եթե վերադառնանք 1997թ, ապա առաջին սուտ լուրերից մեկը, որը տվյալ դեպքում, կարծում եմ, չարամիտ սուտ էր, դա իմ և Վազգեն Սարգսյանի միջև ենթադրական կոնֆլիկտի մասին է: Ես դրա մասին չեմ խոսել 20 տարի, բայց հասկանում եմ՝ եթե ՀՀ նախագահն ինձ առաջարկել է լուրջ մտածել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, ու, չնայած կան, բնականաբար, անձնական կյանքի սահմաններ, սակայն որոշ դրվագներով ես պետք է կիսվեմ»:

Նա հավելել է, որ շատ լավ բարեկամներ են եղել Վազգեն Սարգսյանի հետ:

«Հասկանում եմ, որ եթե անգամ ինչ-որ հրաշքով այսօր Վազգենը լիներ իմ կողքին և երկուսով միասին ասեինք, որ այդ լուրերը սուտ են, միևնույն է, կգտնվեին «սրամիտ» անձինք, ովքեր կասեին, որ պայմանավորվել ենք: Իհարկե, ցավոք Վազգենը կենդանի չէ, բայց ես հաճույքով հիշում եմ իրեն: Ընկերների, բարեկամների հետ մենք Վազգենենց ամառանոցում հաճախ էինք լինում, որտեղ ես ու նա միշտ մրցում էինք թենիս խաղալիս: Ես խաղում եմ մանկուց, համարյա՝ պրոֆեսիոնալ, իսկ Վազգենը շատ էր ուզում լավ թենիսիտ դառնալ, արդյունքում՝  ցանկացած խաղ վերածվում էր ինչ-որ հետաքրքիր երևույթի»,- եզրափակել է նա:

*

*