Տավուշեցիք գյուղից գնացողը, հեռացողը չեն․ նախագահ

Արմեն Սարգսյանը Տավուշում կոչ է արել վերստին հայտնաբերել հայրենիքը
armen-sargsyan

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։

«Արտադրության համար նախ և առաջ ցանկություն է պետք, կազմակերպման շնորհք: Արդյունքում՝ 75 մարդ, մեծ մասամբ կանայք, աշխատանք ունեն և իրենց ապրուստն արժանապատվորեն են վաստակում, աշխատում են և պահում իրենց ընտանիքները,-նշել է նախագահը:- Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ամերիկայում՝ վերադարձեք ձեր տուն: Ձեր տանը ձեզ սպասում են, տուն վերադառնալով և ձեր հաջողության մի փոքր մասը կիսելով ձեր համագյուղացիների, տանեցիների հետ, կարող եք մեծ փոփոխություն բերել, կարող եք բազմաթիվ աշխատանքներ անել: Մեր երկիրը, հողը հարուստ է, մեր մարդիկ հարուստ են, հարուստ են իրենց հոգով, աշխատասիրությամբ»։

Անդրադառնալով Տավուշի գյուղերով շրջայցին, նախագահ Սարգսյանը լրագրողներին մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Չինարիում 7 երեխա է ծնվել, բայց սպասում եմ այն օրվան, երբ 12-ը կծնվեն, հետո 27-ը, 37-ը: Որովհետև այդ մարդիկ այս գյուղից գնացողը, հեռացողը չեն: Ինչ-որ իմաստով մեր ազգի առանցքը ներկայացնող մարդիկ են, իրենց պապական հողն է: Այս հողից նույնիսկ մեկ սանտիմետր չեն հեռանալու, որքան էլ որ դժվարություններ լինեն: Ես դժվարություն չտեսա նրանց հայացքներում, ուրախությամբ ապրում են իրենց հողի վրա, վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու: Հետևաբար մեր բոլորի պարտականությունն է ամեն բան անել, որ նրանք զգան, որ իրենց կողքին ենք: Եվ դա պետք է ոչ միայն խոսքով կամ գործերով լինի, այլև մեր ֆիզիկական ներկայությամբ»:

*

*