Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
armen-sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի′ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը:

Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է:

Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

*

*