«Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը»․ Արմեն Սարգսյան

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը․․․
armen-sargsyan (3)

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի համար: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը նշեց, որ պատրաստ է համագործակցել և միջազգային վերլուծական, խորհրդատվական, թինք-թանքերի (think-tank` քաղաքական կամ տնտեսական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն եւ գաղափարներ տրամադրող փորձագետների մարմին) ոլորտներում ունեցած իր երկարամյա փորձառությամբ կիսվել կենտրոնի փորձագետների հետ:

«Իրականում թինք-թանք կոչվածը շատ լայն հասկացողություն է, քանի որ իր մեջ ներառում է բազմաթիվ որակներ, վերլուծական, խորհրդատվական, հանրային կարծիք ձևավորելու, գիտահետազոտական, կրթական աշխատանք և այլն»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ 21-րդ դարում ունենք տարբեր ոլորտների թինք-թանքերի հսկայական քանակ: «ԱՄՆ-ում դրանց թիվը 2000-ից ավել է: Հաջորդ երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը, ունեն մոտ 500, նրանց հաջորդում են Բրիտանիան, ապա Ֆրանսիան, Գերմանիան և այլն: Մի բան հստակ է՝ բոլոր այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը՝ պետությունը, պետական կառույցը, թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է  անկախության և ազատության սկզբունքը:

Կարծում եմ Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է սա»,- ասաց ՀՀ նախագահը:

Նրա համոզմամբ՝ «Օրբելի» կենտրոնի համար լավագույն հաջողությունը կլինի, եթե այն անկախ լինի՝ ծնվելով պետության կողմից:

«Շատ բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի շատ խորը: Ղեկավարությանը և մասնակիցներին ուզում եմ նաև հրավիրել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք շատ հետաքրքիր միջոցառմանը, այն միջազգային ճանաչում ստացած մեծ համաժողովի հայկական տեսակն է, որը կոչվում է «Մտքերի գագաթաժողով»: «Օրբելի» կենտրոնի վերլուծաբաններին հրավիրում եմ գալ և մասնակցել: Որպես նախագահ խոստանում եմ, որ իմ ապագա այցելությունների, քննարկումների ժամանակ կհրավիրեմ ձեր լավագույն մասնագետներին և վերլուծական շրջանի՝ թինք-թանքերի լավագույն մասնակիցներին, որ ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս՝ գուցե այցելությունների, համաժողովների, քննարկումների ժամանակ իրենց ներկայությամբ  և′ արժեք բերեն, և′ սովորեն, քանի որ բոլորս ինչ-որ տեղ սովորելու շատ բան ունենք»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

*

*