Արմեն Սարգսյանը հայցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է...
armen-sargsyan-katoxikos2

Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ողջունելով Արմեն Սարգսյանի կայացրած կարևոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե′ հայրենի երկրում և թե′ Սփյուռքում: Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետևել է այդ հանդիպումներին։ Հայոց Հովվապետն ընդգծել է, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, և թե իբրև բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր և եկեղեցաշեն իրագործումները կարևոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Արմեն Սարգսյանն անդրադարձել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։

*

*