Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
armsn-sargsyan-haykak-arshamyan

Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը:

Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին:

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետև ստեղծվել է Հանրապետության և մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում և ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երևանից ուղևորվել դեպի Ստեփանակերտ և տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետևաբար նախ և առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել նորընտիր գործադիր տնօրենին՝ նշելով, որ նրա առջև բազմաթիվ խնդիրներ են դրված: Նախագահը հիմնադրամի տնօրինությանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործունեության նոր տեսլականը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխություններն ու զարգացումները:

 «Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ դարում և մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ինստիտուտ»,-եզրափակել է նախագահը:

*

*