Արմեն Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել․․․»
armen-sargsyan

Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հայաստանի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դիմելով ներկաներին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Վրաստանում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, Անկախության հռչակման 100-ամյակի առթիվ շնորհավորելու մեր վրաց բարեկամներին։ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին կառավարությունը ստեղծվել է Թբիլիսիում և Անկախության հռչակագիրը ծնունդ է առել հենց այս քաղաքում, որը հայ ժողովրդի համար մշակութային, հոգևոր ու քաղաքական կենտրոնն էր։

Հանրապետության նախագահը խոսել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին եւ նշել, որ դրանք քաղաքական ու տնտեսական հեռանկարային հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար։

«Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է հպարտ լինի, որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ այն եզակի երկրներից է, որ կարող է հսկայական փոփոխություն անել, որը շատերն անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն․․․ ես ասում եմ՝ հեղափոխություն հայկական ձևով, առանց մի կաթիլ արյան։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք կառուցենք այն հայրենիքը, որին մենք արժանի ենք»,-ասել է նա։

*

*