Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիների և մարզիկ երեխաների հետ

Հանրապետության ղեկավարը խոստացել է մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու:
armen-sargsyan-erexaner

Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա են անցկացրել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ անձամբ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում:

Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրել է դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները:

Նախագահ Սարգսյանն ուշադիր լսել է նաիրիտցիներին եւ խոստացել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ:

Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չի սահմանափակվել միայն նաիրիտցիների հետ զրույցով: Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվել են նախագահի ուշադրության կենտրոնում:

Նրանց հաղթանակն առավել հիշարժան է դարձել երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ: Երեխաները ծանոթացել են նախագահ Սարգսյանի հետ, պատմել իրենց մրցույթի մասին:

Հանրապետության ղեկավարը խոստացել է մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու: Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցը համեմել է իր մանկական անկեղծությամբ. «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,-ասել է նա:

armen-sargsyan-nayirit

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները