Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վահրամ Սարաջյանի ընտանիքին

«Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ»
armen-sargsyan (2)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին։

«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը:

Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար։ Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»,- ասված է ցավակցական ուղերձում:

*

*