Մենք երբեք կողմնակից չենք եղել պարտադրանքով համահավասարեցման և միաձայնության. Արմեն Ռուստամյան

«Պարտադիր բաղադրիչը հակասում է սեփականության իրավունքին»

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է հունիսի 11-ին կառավարության արտահերթ նիստում տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ծավալված բանավեճին:

Արծվիկ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ էր ծավալվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՀՅԴ-ն դեմ է պարտադիր բաղադրիչին և այդ նիստի ընթացքում Արծվիկ Մինասյանն արտահայտել է ոչ միայն իր, այլ նաև ՀՅԴ-ի տեսակետը: «Սա ոչ թե կոնկրետ իշխանության նկատմամբ վստահության կամ անվստահության հետ կապված հարց է, այլ սկզբունքային դիրքորոշում: Մենք առնվազն երեք պատճառով մերժում ենք կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Առաջին պատճառն այն է, որ մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին, երկրորդ պատճառն այն է, որ պարտադիր բաղադրիչը հակասում է սեփականության իրավունքին, իսկ երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը բավարար չէ, որ անձը հավելյալ միջոցներ տրամադրի իր ապագայի համար»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը շեշտեց, որ այս դիրքորոշումն իրենք պաշտպանել են, պաշտպանում են և շարունակելու են պաշտպանել, որովհետև այն իրենց հիմնական գաղափարախոսությունից բխող մոտեցում է: «Կառավարությունը կարող է քննարկումներ անցկացնել, և ամեն մեկը կարող է իր տեսակետը հնչեցնել, բայց կառավարությունը քաղաքական կոլեգիալ մարմին է, և չպետք է միանձնյա որոշումներով առաջ գնա: Վատ չի համախոհության ձգտելը, սակայն, եթե կան տարակարծություններ սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի այնպես, ինչպես ուզում է մեծամասնությունը: Սա մեզ հին ու բարի ժամանակներն է հիշեցնում, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Մենք երբեք կողմնակից չենք եղել պարտադրանքով համահավասարեցման և միաձայնության: Այդ միաձայնության մեջ ՀՅԴ-ն չկա»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նաև կարծիք հայտնեց, որ հունիսի 11-ին կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշումը եղածի համեմատ քայլ առաջ է, սակայն շեշտեց, որ պարտադիր բաղադրիչը չի վերանում, իսկ իրենք խնդիր ունեն հենց պարտադիր բաղադրիչի հետ և գտնում են, որ պարտադրանքի մոտեցումը պետք է վերանա:

Դիտարկմանը` վարչապետը հասկացրեց` եթե մեզ հետ չեք, դեմ եք, Ռուստամյանն արձագանքեց. «Ես այդ գաղափարախոսությունը կտրականապես մերժում եմ. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սա էլ հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը: Ի՞նչ է նշանակում` ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Մենք մեր սկզբունքների և մոտեցումների պաշտպանն ենք, և մենք, եթե որևէ դաշինքի, կոալիցիայի կամ որևէ համագործակցության մեջ մտնում ենք, մեր սկզբունքներից չենք հրաժարվում»:

Ինչ վերաբերում է Մինասյանի կողմ քվեարկելուն, նա ասաց, որ ընդունում են` այն, ինչ կատարվել է քայլ առաջ է եղածի համեմատ: «Այո, քայլ առաջ է, բայց պարտադիր բաղադրիչը չի վերանում` 2,5 տոկոս կլինի, 5, թե 10 տոկոս: Պետք է պարտադիր բաղադրիչը վերանա: Եթե մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ  արդեն ունենք վստահություն վայելող կառավարություն ու իշխանություն, ուրեմն ընդհանրապես պարտադրանքի խնդիր չկա: Եթե մարդիկ վստահում են, ուրեմն կամավոր կգնան և այդ վճարները կկատարեն ֆոնդերին»,- նշեց Ռուստամյանն ու հավելեց. «Սուպերվարչապետությունից էինք խոսում, հիմա էլ խնդիր կա: Հարցերի հարցը պետք է լինի այն, որ վարչապետի լիազորությունները պակասեցնելու հստակ քայլեր կատարվեն, ինչի մասին մենք խոսել ենք»:

*

*