Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց Բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
armen-muradyan
Tert.am— Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ խորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես և կանխատեսվում էր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը։

Նախքան այդ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունեց բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ես շնորհակալություն հայտնեցի նախկին ռեկտորին՝ չորս տարի պաշտոնում աշխատելու համար։ Նա լուրջ գիտնական է, պրոֆեսոր, և կշարունակի աշխատել իր մասնագիտությամբ»,–  նշեց Սփյուռքի նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ճանապարհել նախկին ռեկտորին։

Հարցին, թե Մուրադյանի առաջադրումը չի՞ նշանակում, որ նրան պաշտոն տալու հարցն է լուծվում, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Եթե մեկը դիմում է ներկայացրել և կան մարդիկ, որ ցանկանում են այս աշխատանքում ղեկավարել, կլինի բաց մրցույթ, կդիմեն մարդիկ և մրցույթի արդյունքներով կընտրվի ռեկտոր»։

Հարցին, թե Արմեն Մուրադյանն առաջադրվել է Կարեն Կարապետյանի՞ առաջարկով, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։

*

*