Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին. Սամվել Մարտիրոսյան

«Նոր մեդիայի միջոցով քարոզչության համար ստեղծվել են նոր հնարավորություններ»
lragrox (1)

Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին:

«Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ խնդիրներ հենց լրագրության հետ կապված: Երբ նոր էին ստեղծվել նոր մեդիաները, մեծ աժիոտաժ էր առաջացել, որովհետև հասկանալի էր դարձել, որ խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել: Սակայն, երբ անցավ մի քանի տարի, պարզվեց, որ քարոզչությունն ու մանիպուլյացիաներն են ստացել այն հնարավորությունները, որոնք երբեք չունեին: Մարդկանց մի մասը համարում է, որ նոր մեդիաները դեմոկրատացման ճանապարհն են, իսկ մյուս մասը կարծում է, որ սրանք ճանապարհն են տոտալ վերահսկողության: Պարզ չէ, թե որն է ճիշտը, հայտնի կլինի մի քանի տարի հետո, քանի որ դեռ տրանսֆորմացիաների փուլն է»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` լրագրության մեջ առաջին խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ լրագրողները սկսում են լուծել ինչ-որ խնդիրներ` ազգապահպանման, երկրի բարգավաճման և այլն: «Նոր մեդիաները պարզապես պետք է լինեն միջոց ավելի հասանելի դառնալու, ավելի հորիզոնական դառնալու, ստեղծելու ավելի լոյալ լսարան: Լրագրության իմաստը ոչ ավելի, ոչ պակաս լրագրությունն է: Հենց հիմա էլ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին: Լրագրողներն էլ չպետք է հետապնդեն ազգը փրկելու խնդիրներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` սոցիալական մեդիաները, սոցիալական հարթակները ապամիլիտարիզացնելու և դրանք պարզապես շփման հարթակ դարձնելու խնդիր կա: Մարտիրոսյանը մեծապես կարևորեց դաստիարակությունն ու կրթությունը դեռ նախադպրոցական և դպրոցական տարիքից:

 

*

*