«Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»

Արմեն Աշոտյանը՝ ԱԱԾ-ի ներկայացրած տեսանյութի մասին։
armen-ashotyan

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ եթե ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հնչեցրած մեղադրանքները ճիշտ լինեն, ապա դա նրա համար անձնական խորը ողբերգություն կլինի: Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։

Աստված պահապան Հայ զինվորին»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

 

*

*