Արմավիրում սննդից թունավորված քաղաքացիները շարունակում են բուժումը հիվանդանոցներում

Արմավիրի բժշկական կենտրոնում՝ 9, Մեծամորի բուժկենտրոնում՝ 16 հիվանդ
tunavorum-london

Արմավիրի և Մեծամորի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ մայիսի 17-ին սննդային թունավորմամբ հիվանդանոցներ տեղափոխված 25 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ 9 հիվանդ: Նրանց վիճակը բավարար է:

Մեծամորի բուժկենտրոնից էլ հաղորդել են, որ իրենց մոտ բուժօգնություն է ստանում 16 հիվանդ: «Նրանց վիճակը բավարար է: Հիվանդներից մի քանիսն այսօր դուրս կգրվեն»,-տեղեկացրին բուժկենտրոնից:

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացել. Հետաքննությունը շարունակվում է:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 90 քաղաքացիներից 80-ը հոսպիտալացվել էին:

Արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՍԱՊԾ-ը կասեցրել է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք մատակարարած Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը:

*

*