Արմավիրի մարզում հնագետները նոր բացահայտում են արել

Տարածքը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով և 7-րդ հազարամյակի սկզբով
hnaget

ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ հնագետները նոր բացահայտում են արել: «Լեռնագոգ-1» հնավայրում բացահայտվել է տարածք, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով- 7-րդ հազարամյակի սկզբով: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով և 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդն էր: Սա 2017 թ. հիմնարար հետազոտությունների փայլուն արդյունքներից է»,-նշել է Պավել Ավետիսյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետական հմտությունների: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով՝ այդ հատվածում գտնվել են կավից շինության հետքեր:

*

*