Օձի խայթոցից աղջկա մահանալու լուրը իրականությանը չի համապատասխանում

Հերքում են Սուրենավանում եւ Արմաշում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:
odz

Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման դեպի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Օձի խայթոցի հետ կապված դեպք տեղի է ունեցել հունիսի 17-ին, սակայն տվյալ անձը հիվանդանոցում բուժօգնություն է ստացել և չի մահացել:

Նման տեղեկատվություն «Արմենպրես»-ին հաղորդեց նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«Մեր բժշկական կենտրոնն է սպասարկում Սուրենավանն ու շրջակա համայնքը: Մամուլում տեղեկատվությունը շրջանառվելուց հետո դուրս ենք բերել վերջին օրերի դեպքերի ցանկը, նման դեպք չունենք: Վերջերս մեկ դեպք է եղել օձի խայթոցի հետ կապված, մեզ մոտ բերվել է 24-25 տարեկան կին, ով համապատասխան բուժում է ստացել և դուրս գրվել, նա չի մահացել»,-ասաց Արայիկ Սարդարյանը: Օձը խայթել էր տվյալ կնոջ ձախ ոտքը: Արայիկ Սարդարյանը փոխանցեց, որ ընթացիկ տարում օձի խայթոցի  5 դեպք են ունեցել, տուժած անձինք համապատասխան բուժօգնություն ստացել են և դուրս գրվել, որևէ խնդիր չի եղել:

 

Իսկ Արմաշի գյուղապետը, որը նմանատիպ մեկ այլ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն էր հաղորդել լրատվամիջոցներին, մեզ հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, միայն փոխանցեց. «Այդպես են ասում»:

*

*