Արգենտինայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացվել

Պատգամավորի խոսքով` օրինագիծը չի խոչընդոտելու խոսքի ազատության պահպանմանը:
nilda-garre

tert.am-Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն ցեղասպանությունների կամ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին պատգամավորը հայտնել է Prensa Armenia գործակալությանը տված հարցազրույցում:

Պատգամավորի խոսքով` օրինագիծը չի խոչընդոտելու խոսքի ազատության պահպանմանը: Օրինագծի նպատակն է պաշտպանել զոհերի իրավունքները, պահպանել հասարակական կարգը և ազգային անվտանգությունը, ինչպես նաև կանխել ատելության և բռնության տարածումը:

Նշվում է, որ օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության դեմ կատարված հանցագործություններին»:

«Ազգային Կոնգրեսը 2006-ին օրենք է ընդունել` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար այն ևս ներառված է մեր առաջարկած օրինագծում», — ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի`վերջերս Արգենտինա կատարած այցին, Նիլդա Գարեն ասել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքի: Մի բան հստակ գիտեմ, այն է՝ Արգենտինան ինքնիշխան պետություն է և Ազգային Կոնգրեսը երկրի իշխանության ներկայացուցիչներից մեկն է»:

Նիլդա Գարեն «Ճակատ հանուն հաղթանակի» կուսակցության փոխնախագահն է, ով նախկինում զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության նախարարների պաշտոնները:

*

*