Մեկնարկել է երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը

Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողները։
arevayin-energia

Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը. տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։

Անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար։ Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունները ոլորտի նկատմամբ էապես ավելացել են։

«Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով։

Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտևի մինչև մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար»,-ասել է նա։

Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ  արտաքին ներդրողները։ Ըստ Հայկ Հարությունյանի՝  օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչև 1 մեգավատ հզորությամբ հերթական արևային կայանի կառուցման նախագծման և նախապատրաստման աշխատանքները։

*

*