Փորձում են հակաօրինական գործողությունը նորմ դարձնել․ Արծվիկ Մինասյան — Երկիր Մեդիա

Փորձում են հակաօրինական գործողությունը նորմ դարձնել․ Արծվիկ Մինասյան

Վահե Էնֆիաջյանն անտառահատումների և գյուղացիների վառելափայտի վերաբերյալ հարց ուղղեց․․․․
arcvik-minasyan (1)

ԱԺ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անտառահատումների և գյուղացիների վառելափայտի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նա մասնավորապես նշեց, որ սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը Տավուշի մարզի բնակիչները շուրջ 3,5 ժամ փակել էին` պահանջելով, որ պատկան մարմնի ներկայացուցիչները գան ու իրենց պահանջը տեղում լսեն: Սակայն, ըստ Էնֆիաջյանի, այդպես էլ այդ օրը ոչ ոք չայցելեց գյուղացիներին:

«Մեկ անգամ էլ օգոստոս ամսին է այդ ճանապարհը փակվել, որտեղ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ են հայտնվել և ասել, որ նախատեսված փաստաթղթերի համար 10 800 դրամի փոխարեն այսուհետ կվճարեն 5400 դրամ, և այդ խնդիրը չի լուծվել: Խնդրում եմ պարզաբանում մտցնել խնդրի վերաբերյալ»,- ասաց Էնֆիաջյանը` դիմելով բնապահպանության նախարարին:

Նախարարը պատասխանեց, որ հարցադրումն իրականում վերաբերում է անտահառահատումների այն հատվածին և այն ընթացքին, որը կոչվում է ապօրինի: Մինասյանը հիշեցրեց նաև, որ, նկատի առնելով գյուղացիների դժգոհությունն ու բողոքը, վարչապետի մոտ մի քանի անգամ քննարկում է կազմակերպվել:

«Որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու մասով: Այն անձինք, ովքեր փորձում են օգտագործել սա և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց, փորձում են մղել հակաօրինական գործողությունը նորմ դարձնելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերի գինը 5400 դրամ դարձնելուն, նախարարը նշեց, որ դա կնշանակի` բնակիչներին սխալ ազդակ են հաղորդում, այն է` Հայաստանում փայտը, որը չափազանց կարևոր է, շատ ցածր արժեք ունի:

Անդրադառնալով գյուղացիների բողոքի օրն այդպես էլ պատկան մարմինների` տեղում չհայտնվելուն, Մինասյանն ընդգծեց, որ այդ օրը մարզպետարաններում կազմակերպված քննարկումների ժամանակ ներկայացուցիչներ են եղել թե’ բնապահպանության, թե’ գյուղատնտեսության նախարարություններից և թե’ մարզային կառույցներից:

*

*