Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել

Մի քանիսը եկել են Երեւան՝ հանդիպելու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
artsvashenciner

Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող ճանապարհահատվածում: Նրանք նշել են, որ ցանկանում են երթով հասնել Երեւան եւ կառավարության շենքի դիմաց հանդիպում պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բնակիչներին մոտեցել են Գեղարքունիքի մարզպետը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը, Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարը: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներից մի քանիսը եկել են Երեւան՝ հանդիպելու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Նրանցից մեկը «Երկիրն այսօր»-ին փոխանցեց, որ նախարարն ասել է՝ կձեւավորվի հանձնաժողով եւ կուսումնասիրեն խնդիրը:

Արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռեւս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նախորդ տարիներին նրանց տրամադրվել է որոշակի, բայց ոչ ամբողջական փոխհատուցում: Նրանք ամիսներ առաջ հանդիպել էին նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետը նշել էր, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ ձգձգված խնդրի լուծման ուղիները:

*

*