Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

Զուգահեռ երկու դասընթաց է իրականացվելու։
usucich-arcax

«Գիտելիքը ուժ է»  կրթական նախաձեռնության շրջանակում հուլիսի 29-ին Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին եւ ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների, ինչպես նաեւ դասվարների եւ հումանիտար առարկաների մասնագետների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից, դասընթացները կազմակերպվում են Հայաստանից ժամանած մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Վերապատրաստման ծրագիրը հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից:

Զուգահեռ երկու դասընթաց է իրականացվելու.  առաջինը՝ ուսուցման ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն  (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա) եւ երկրորդը՝  հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձեւավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների եւ խաղերի միջոցով:

Դասընթացների առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ Մարտունու շրջանում, հաջորդը տեղի կունենա օգոստոսի 8-9-ին՝ Ստեփանակերտում: Դասընթացներին ընդհանուր առմամբ կմասնակցի 120 ուսուցիչ:

Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է»  նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում կազմակերպվելիք  համանուն ամառային դպրոցում, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:

*

*