Արցախում մեկնարկել է բնակարանաշինության նոր ծրագիր

Artsakh Roots Investments ներդրումային կազմակերպությունը 2010-2016 թթ. Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում...
artsakh-bnakaran

Artsakh Roots Investments ներդրումային կազմակերպությունը 2010-2016 թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում շուրջ 3.5 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել գյուղատնտեսության զարգացման համար:

Սեպտեմբերի 5-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, կազմակերպության ներկայացուցիչ Բենիամին Պչաքչյանը նշեց, որ իրենք Արցախի Հանրապետության կառավարության հետ պայմանագրի համաձայն և կառավարության երաշխավորությամբ Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում տրամադրում են մատչելի տոկոսադրույքներով փոքր գյուղատնտեսական վարկեր՝ անասնապահության և հողագործության զարգացմանը նպաստելու նպատակով: 2010-2016թթ. կազմակերպության տրամադրած վարկային միջոցներից օգտվել է ավելի քան հազար ընտանիք: Կազմակերպությունը վերջերս նախաձեռնել է բնակարանաշինության ծրագիր, որի ավարտին 150 նոր բնակարաններ կկառուցվեն և կհանձնվեն իրենց տերերին:

«Այս կազմակերպությունը ոչ թե բարեգործական, այլ ներդրումային կազմակերպություն է, որի նպատակն է սփյուռքից ներդրումներ ապահովել այս երկու շրջանների տնտեսական զարգացման և վերաբնակեցման նպատակով: 2010թ. է հիմնադրվել կազմակերպությունը: Սկսել ենք 16 գործարարով, իսկ այսօր արդեն 180 գործարարներ մաս են կազմում այս կազմակերպությանը: Նրանք մարդիկ են սփյուռքի տարբեր գաղութներից, տարբեր միջավայրերից: Նրանք, հավանաբար, նույնիսկ միմյանց չեն ճանաչում, սակայն տրամադրված են ներդրումներ կատարել այս նպատակներով: Հիմնական ծրագիրը սկսել ենք գյուղատնտեսության զարգացման համար միկրովարկեր տրամադրելով: Մենք այդ աշխատանքներն իրականացնում ենք ԼՂՀ կառավարության հետ պայմանագիր ստորագրելով, իրենց երաշխավորությամբ, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մենք ոչ միայն նպաստել ենք այդ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, այլ նաև այդ շրջանների տնտեսական զարգացմանը, արձանագրվել է նաև 20-25 տոկոս բնակչության աճ»,- նշեց Պչաքչյանը:

Նա հավելեց, որ երկու շրջաններում կազմակերպության տրամադրած վարկային միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, եռապատկվել է մանր եղջերավոր անասունների գլխաքանակը:

«Մշակված տարածքները նույնպես եռապատկվել են: Վերջերս մենք նոր ծրագիր ենք նախաձեռնել, որը վերաբերում է բնակարանաշինությանը: Մենք ունենք սիրիահայ եղբայրներ, որոնք, Սիրիայի դեպքերի հետ կապված, ցանկություն հայտնեցին տեղափոխվել Արցախ և վերաբնակեցնել այդ տարածքները: Մենք էլ մեր հերթին աջակցել ենք այս ծրագրին, որը բաղկացած է երեք մասից: Առաջին հանգրվանը 50 բնակարանի կառուցումն է, որը գրեթե ամբողջացած է: Հիմա հետևողական ձևով պետք է ընթանան երկրորդ և երրորդ փուլերը: Արդյունքում կունենանք 150 նորակառույց բնակարան: Բնակարանները գտնվում են Աղավնո գետի ափին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հատվածում: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի թե իր դիրքով, թե բնական հարստությամբ»,- նշեց նա:

Բենիամին Պչաքչյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ին արդեն 25 բնակարան հանձնվել են շահագործման: «Հույս ունենք, որ մինչև տարեվերջ մնացած 25-ն էլ կհանձնվեն իրենց տերերին»,- եզրափակեց նա:

*

*