Ակնայի ուղղությամբ փետրվարի 25-ին տեղի ունեցածի մասին Ադրբեջանը դեռ լռում է

«Առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին»,- գրում է Հասրաթյանը։
senor-hasratyan

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ այսօրվա հայտարարությանը։

Սենոր Հասրաթյանը մասնավորապես գրել է. «Ադրբեջանի ՊՆ- ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները:

Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:

Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր… Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը…»:  Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք:

Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առ այսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին… Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ի՞նչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքա՞ն կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները…»:

*

*