1988-ի ճակատագրական փետրվարը

Պահանջը հստակ էր ու մեկը` «միացում»: Օպերայի բակը դրանից հետո չդատարկվեց:

1987-ի հոկտեմբերի 17-ին բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդիկ դուրս էին եկել Երեւանի «Թատերական» հրապարակ: Աբովյանի կենսապատրաստուկների գործարանի կառուցման դեմ կազմակերպված ցույցին հետեւեց հաջորդ հանրահավաքը։ Շարժումը անվանում էին բնապահպանական, իսկ իրականում՝ ԼՂԻՄ-ի Հայաստանին միանալու առաջին կիսաձայն խոսակցություններն էին պտտվում ցուցարարների շարքերում: Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի հռչակած «Перестройка»-ն եւ «гласность»-ը հուսադրում էին` 70 տարվա հարկադիր լռությունից հետո վերջապես կարող են խոսել: 1988-ի փետրվարը հայ ժողովրդի միասնական կամքի բացառիկ դրսեւորումն էր:

Փետրվարի 19-ին Երեւանի Թատերական հրապարակում սկսվում են հանրահավաքները, որոնք արդեն կապ չունեին բնապահպանական շարժման հետ: Պահանջը հստակ էր ու մեկը` «միացում»: Օպերայի բակը դրանից հետո չդատարկվեց:

Մարդիկ չէին հեռանում նաեւ Ստեփանակերտի հրապարակից: Պահանջում էին արտահերթ նստաշրջան անցկացնել ու մեկընդմիշտ որոշել Արցախի ճակատագիրը՝ Հայաստանի կազմում:  1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջան է գումարվում, քննարկում են ինքնավար մարզում ստեղծված իրավիճակը: Արդյունքում որոշում են. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորության ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդին եւ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդին` խորը ըմբռնում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ը հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին միավորելու հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*