«Ծառայության միօրինակություն մեջ առանց ընկեր անհնար է»

Պատմում է Արցախում ծառայող Դավիթը
zinvor

«Առաջնագծում ապրում եմ բոլոր այն զգացողությունները, որոնք հետագայում յուրօրինակ և չմոռացվող հիշողություններ են դառնելու: Երբեք չէի պատկերացնի, որ ծառայելով հայոց բանակում, հատկապես առաջնագծում, ինձ այսքան լավ կզգամ: Այստեղ եմ գիտակցում առաքելությանս կարևորությունը և թե ինչպես են գաղափարներս այլ բովանդակություն ստանում: Շատ երևույթներ արդեն այլ կերպ եմ գնահատում և արժևորում: Ավելի հասուն եմ դարձել, այլևս  այն երեխայական հայացքները չկան»,- պատմում է Արցախի ՊԲ-ի Մարտակերտի շրջանում ծառայող ժամկետային Դավիթ Գևորգյանը:

Դավիթն իր ծառայակից ընկերների տրամադրությունը բարձրացնելու, բանակային առօրյայում հետաքրքրություն մտցնելու համար գործի է դնում իր երաժշտական տաղանդը (կիթառ է նվագում)։ Ինձ էլ ողջունեց «Թռչեի մտքով տուն» երգի կատարմամբ:

Դավիթն ապագա զորակոչիկներին խորհուրդ է տալիս տրամադրվել. «Շատ կարևոր է շուտ հարմարվել նոր կյանքին, որպեսզի ծառայությունը դժվար չթվա: Պետք է մոռանալ որոշ սկզբունքներ և ընկերներ ձեռք բերել։ Առանց ընկերոջ բանակում  դժվար կլինի, կարելի է ասել՝ անհնար, քանի որ դու չես կարող այդ միօրինակության մեջ միայնակ մնալ»։

Մեր զրույցն ընդհատվեց. դիտարկման ժամն էր սկսվում: 2018 թվականի հուլիսի 22-ին Դավիթը տուն կվերադառնա և կփորձի իր երազանքն իրականացնել. ընկերոջ հետ միասին կզարգացնեն երաժշտական ունակությունները և ձայնագրման ստուդիա կհիմնադրեն։

ԱՆԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները