Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» տերմինների հետ. ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան շարունակվում է

«Արայիկ Հարությունյանը սպառել է իրեն որպես նախարար, տապալվել է»

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից սկսած բողոքի ակցիաներ է իրականացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Այսօր ժամը 11-ից էլ բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց:

«Արայիկ Հարությունյանը սպառել է իրեն որպես նախարար, տապալվել է: Նոր նախարարը պետք է լինի հայամետ, հայակենտրոն: Փառք Աստծո, մեր մեջ կան շատ հերոսներ, ծանրորդներ, մարզիկներ, որոնց մասին կարելի է լավ ֆիլմեր նկարել, ուղերձներ հղել երիտասարդությանը: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, սեռափոխված մարդու մասին ֆիլմ ֆինանսավորելը պրն. Հարությունյանի խայտառակությունն է և պետք  հրաժարական տա: Մեզ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» տերմինների հետ և հարցազրույցների ժամանակ քմծիծաղով է վերաբերվում դրանց». – հայտարարել է ակցիայի մասնակիցներից Արգիշտի Գևորգյանը:

«Մեր պահանջն է իր և իր թիմի հրաժարականը: Ջավախք աշխարհում մենք ընդհանրապես զրկված ենք  Հայոց պատմություն սովորելուց: Հայաստանի համալսարաններում ընդունվում են հազարավոր ջավախահայեր, պարսկահայեր և այլն: Նրան իրենց երկրում չեն սովորում Հայոց պատմություն: Եթե մեր ֆակուլտետներում նրանց զրկում են Հայոց պատմությունից, արդարացի կլինի՞ դա». – նշել է ակցիայի մասնակիցների մեկը:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանի այն հայտարարություններին, ըստ որի ՀՅԴ-ն պառակտված է, կան դրսի և ներսի դաշնակցականներ և դրսի դաշնակցականների հետ ավելի հեշտ է, Գևորգյանը հիշեցրեց ՀՅԴ սփյուռքյան կառույցների անդամների ֆեյսբուքյան տեսաուղերձները՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հրաժարականի պահանջով:

Ավելի ուշ ցույցին միացել են նաև ԵՊՀ ուսանողներ:

«ԿԳՄՍ նախարարը մի մարդ է, որը կապ չունի ո′չ կրթության, ո′չ մշակույթի, ո′չ սպորտի և գիտության հետ, ավելին՝ նորմալ հայերեն էլ չի կարողանում խոսել, ուստի պետք է հրաժարական տա: Այս պահին 4-5 ֆակուլտետի ուսանողներն են, մի մասն էլ շուտով կմոտենա: Հրաժարական պահանջելը կապված է ոչ թե քանակի, այլ փաստերի իսկության: Եղածի հիմքի վրա նշում ենք, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես իրենք էին ժամանակին ասում՝ չի տիրապետում իրավիճակին». – նշել է ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Գևորգ Գյուլումյանը և հավելել, որ բողոքի պատճառներից մեկն էլ հայագիտության դեմ արշավն է ոչ միայն լեզվի, գրականության մասով, այլև հայագիտական մի շարք պարբերականների ֆինանսավորումը դադարեցնելը: «Անցյալ տարի Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով ֆինանսավորումից զրկվել է մոտ մեկ դար տպագրվող «Աղբյուր» ամսագիրը, որին փոխարինել է «Խատուտիկ» անունով ինչ-որ ամսագիր, որը քերականական, ուղղագրական, կետադրական, ոճաբանական սխալներով տպագրվող ամսագիր է: Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես: Ազգային պարերի մասին նկարահանվող ֆիլմերի համար գումար չունի, «Հայ ասպետի» համար գումար չունի, բայց փողոցային, լկտի պարերի, ցինիզմի համար 2.7 մլն դրամ ունի, սեռափոխված անձի համար 20 մլն դրամ ունի». – հայտարարել է Գյուլումյանը:

*

*