Արայիկ Հարությունյանը դասերի հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում

Նա առավոտյան այցելել է դպրոց եւ մանկապարտեզ
arayik-harutyunyan

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:

Նախարարը տեղեկացրել է, որ ավագ դպրոց այցի ընթացքում նկատել է կարգապահության հետ կապված խնդիր: «Ես դպրոց եմ այցելել ժամը 9-ին: Աշակերտներն այդ ժամին դեռ նոր-նոր էին հաստատություն մտնում, մինչդեռ դպրոցում դասերը սկսվում էին 8.30-ին»,-ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:

«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,-ընդգծել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք դպրոցներում ընդհանուր վիճակը բարվոք չէ և հենց այդ խնդրով պայմանավորված էլ անհրաժեշտ ջերմային ֆոն չի ապահովվում: «Մենք այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք այդ խնդրին»,-հավաստիացրել է նախարարի պաշտոնակատարը:

*

*