Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի

Քննարկմանը դասախոսներից որոշներին նա վիրավորել է անձնապես։

Մինչ կառավարույթունում վարչապետն իր նախարարին հորդորում էր շահագրգիռ կողմերի հետ սրտացավ երկխոսություն սկսել, որպեսզի նախագիծը պաշտպանողների շրջանակն ընդլայնվի, Արայիկ Հարությունյանը մի քանի րոպե անց նախարարությունում մտահոգ գիտնականների, դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի եւ արհամարհանքի լեզվով խոսելու մի ներկայացման։

Նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը եկած տարբեր հաստատություններից պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ակադեմիական մի քանի ինստիտուտների տնօրեններ ներկայացրել են իրենց դիրքորոշումները հայագիտական առարկաների ուսուցման անհրաժեշտության վերաբերյալ:

Նրանք, մասնավորապես, նշել են, որ հայերենը գործիք է մասնագիտության ձեռքբերման ճանապարհին, ընդգծել են ազգային ինքնության պահպանման համար հայոց լեզվի եւ պատմության իմացության կարեւորությունը, ասել, որ ավագ դպրոցը լիարժեք կայացած չէ:

Դասախոսները հիշեցրել են, որ Սփյուռքում երիտասարդները պատշաճ մակարդակով չեն ուսումնասիրում այդ առարկաները: Նրանք եւս մեկ անգամ շեշտել են, որ իրենք ժամաքանակի համար չեն պայքարում:

Նախարարը նշել է, որ բուհերից ստացված ամփոփ կարծիքներում հայագիտական առարկաների վերաբերյալ դիտողություն չի տեսել, եւ սկսել է այպանել ներկաներին եւ ԲՈւՀ-երի դասախոսներին՝ ոչ պրոֆեսիոնալիզմի համար։

Ի դեպ, այսօր կայացած հանդիպումը կրթության նախարարը հերթական անգամ օգտագործել է քաղաքական հայտարարություններ անելու ու քաղաքական հակառակորդների դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար։ Ընդ որում, քննարկմանը դասախոսներից որոշներին նա վիրավորել է անձնապես։

Ինչպես 2 շաբաթ առաջ, այսօր եւս սպառնացել է Դաշնակցության դեմ քրեական գործերով։ Դեռ 2 շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ դիմել է իրավապահներին, եւ «արկղերի մեջ է լցնելու կրթության ոլորտի քրեական գործերն ու ուղարկելու դաշնակցականներին»։ Քիչ անց նա շտապել է հայտարարել, որ խոսքը չի վերաբերում կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, այլ ընդհանրապես կրթական համակարգին։ Այսօր եւս նա հայտարարել է, որ քրեական գործերի խնդրով հարցումն արել են։

*

*