ԿԳՆ-ն ավարտել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտը

...փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»:
arayik-harutyunyan

Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն ավարտել է ստուգումներն «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անկեղծ ասեմ՝ հիմա կրթության նախարարությունում կան շատ հրատապ հարցեր ու հիմա այդ փաթեթը իմ սեղանին դրված է, դեռևս չեմ հասցրել ուսումնասիրել։ Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնելու «Արարատյան բակալավրիատ»-ում: Որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում և կհրապարակեմ»,-նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, թե «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը  փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»։

«Մենք ստեղծելու ենք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ լավ երեխաներին դուրս ես բերում դպրոցներից ու կենտրոնացնում ինչ-որ մի տեղ, կրթական դրական մթնոլորտը դպրոցներում նվազում է։ Սա է եղել իմ հիմնական պրետենզիան տվյալ գործունեությանը, մնացած վերլուծությունները՝ կոնկրետ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված կհրապարակվեն առաջիկայում։ Էլի եմ կրկնում՝ կրթական ոլորտում շատ կոնկրետ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ Դա այնպիսի հրատապություն չունի, որ հիմա դրա մասին խոսենք»,-հայտարարեց նախարարը։

*

*