Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց

ՀՀ առաջին փոխվարչապետը նամակ է գրել Համաշխարհային բանկին
ararat-mirzoyan (1)

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը թալանված ու արտերկիր տեղափոխված ունեցվածքը ետ բերելու գործընթաց սկսելու ակնկալիքով նամակ է գրել Համաշխարհային բանկին։ Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Ա. Միրզոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,-նշված է գրառման մեջ։

 

*

*