Արամի զոհվելուց հետո իր ծառը չորացել է

Տիկին Նարգիզն ասում է՝ ժամանակը ստիպում է համակերպվել կորստի հետ, բայց վերքը երբեք չի սպիանա:

«Նահատակաց փաղանգ» շարքն այս անգամ անդրադարձել է Ապրիլյան պատերազմի հերոս Արամ Աբրահամյանին:

Արամի մայրը՝ տիկին Նարգիզը, պատմում է, որ նա բնավորությամբ ազնիվ էր ու նվիրված, լռակյաց էր ու գաղտնապահ:  Հատկապես ծառայության ընթացքում բնավորության այս գիծը շատ էր զգացվում: Մինչ 2016-ի ապրիլը մեկ անգամ վիրավորվել էր, բայց հարազատները միայն զոհվելուց հետո են իմացել: Ապրիլի երկուսին էլ նույն հանգստությունն էր պահպանել:

Վերջին անգամ մի քանի րոպեով ապրիլի 4-ին եղբոր հետ էր խոսել, հանգստացրել՝ ինքը լավ է: Երեկոյան, սակայն, հեռուստացույցով Արամի լուսանկարն էին տեսել. Ջրականում արկի պայթյունից զոհվել էր ընկերոջ հետ:

Կրթությունը շարունակելու ծրագրեր ուներ: Որոշել էր էներգետիկ դառնալ…

Տիկին Նարգիզն ասում է՝ ժամանակը ստիպում է համակերպվել կորստի հետ, բայց վերքը երբեք չի սպիանա: Բնությունն էլ Արամի կորստի հետ չի հաշտվում : Երկու տասնամյակ առաջ ծնողները դստեր ու որդու անունով  բալենիներ էին տնկել: Արամի զոհվելուց հետո իր ծառը չորացել է:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*