«Գրադարան» նախաձեռնությունն ահազանգում է՝ Երեւանի կենտրոնում քանդվում է Արամ Մանուկյանի տունը

Ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող տունը քանդում են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար:
arami-6
Քչերին է հայտնի, որ Երեւանի Արամի 9 հասցեում գտնվող տանը 1917-18 թվականներին ապրել է պետական, հասարակական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը՝ դաշնակցական Արամ Մանուկյանը: 1990-ական թվականերից վթարային համարվող տունը ներառված է «Հին Երևան» ծրագրում, որով, սակայն, պահպանվելու է միայն շենքի ճակատային հատվածը: Շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկն արդեն քանդված են, մնացել է ճակատը։
«Գրադարան» նախաձեռնության անդամներն ահազանգում են, որ ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող տունը քանդում են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար:
Նախաձեռնության անդամներ Ռադիկ Կարապետյանը և Արմինե Քթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ շենքի պահպանված հատվածը տեղում պահելու եւ չքանդելու հարցով բաց նամակով մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ նախագահին, Մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարներին՝ չնայած դրական պատասխանի ակնկալիք չունեն։ 

«Գրադարան» նախաձեռնության անդամ Ռադիկ Կարապետյանն ասում է՝ Արամ Մանուկյանի տան այս տեսքը ուղիղ համեմատական է մեր պետության ներկայիս վիճակին:

«Արամ Մանուկյանի տունը մեզ համար ճարտարապետական նշանակություն չէ , որ ունի: Այն պատմական արժեք ունի»։

Բայց «իշխանությունն, ինչպես միշտ, կպատասխանի բարդ ստորադասական նախադասություններով, ասում են նախաձեռնության անդամները։

Պատասխան չլինելու դեպքում «Գրադարան» նախաձեռնությունը պատրաստվում է ստորագրահավաք անցկացնել: Նրանց խոսքով, իրենց բաց նամակն ավելի շատ ուղղված է նաեւ հասարակությանը, քանի որ տունն այդ վիճակում է հայտնվել հասարակության և իշխանության անտարբերության և երկուստեք մեղավորության հետևանքով:
Արմինե Քթոյանն էլ հավելում է. «Տան պատին փակցված ցուցանակն ասում է,որ այնտեղ ապրել է Արամ Մանուկյանը, բայց ներս է մտնում որևէ զբոսաշրջիկ և տեսնում միայն աղբի կույտեր»:

*

*