Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակն է

1879 թվականի մարտի 19-ին ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը․․․

1879 թվականի մարտի 19-ին  ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Ավարտել է Շուշիի Ագուլյաց դպրոցը:

Ընդգրկվել է հակացարական պայքարի մեջ` գործելով Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, կամավորական խմբեր փոխադրելով:  Կազմակերպել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը, ստացել Վանի Արամ մականունը: Կազմակերպել է շուրջ 200 000 Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916-1917 թթ-ին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում և ՀՅԴ Բյուրոյում: 1918 թվականի մարտ ամսին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թվականի հուլիսի 23-ը, մինչև Երևան ժամանեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Արամ Մանուկյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար և մինչև մահ վարել է այդ պաշտոնը: Մահացել է 1919 թվականի հունվարի 29-ին՝ բծավոր տիֆից:

Արամ Մանուկյանը հանգչում է Երևանի քաղաքային պանթեոնում:

*

*