Երևանում առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվելու է առցանց գրանցման տարբերակով

Մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ից համակարգը կգործարկվի
septemberi-1

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը 2019-2020 ուսումնական տարվանից իրականացվելու է բացառապես առցանց գրանցման տարբերակով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ից համակարգը կգործարկվի և յուրաքանչյուր ծնող կարող է գրանցել իր երեխային դպրոցում առցանց տարբերակով: Այս ծրագրի միջոցով նպատակ ունենք սկսել մրցակցային և ավելի հավասար պայմաններով մեկնարկային փուլ: Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, ապա կընդլայնվի նաև ՀՀ բոլոր մարզերում»,- ասաց փոխնախարարը։

«Այն ծնողներն, ովքեր Հայաստանի տարածքից դուրս կգտնվեն և մինչև սեպտեմբեր ամիսը չեն կարողանա վերադառնալ՝ իրավական հիմքերով, լիազորագրի միջոցով կարող են կազմակերպել այդ գործընթացները»:

Ծանոթացնելով գրանցվելու պայմաններին Արտակ Պողոսյանն առաջին հերթին նշեց, որ համակարգ մուտք գործել հնարավոր կլինի hayt.emis.am էջի միջոցով:

Նրա խոսքով՝ ծնողը պետք է մուտքագրի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի եւ երեխայի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն: Համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը, որպեսզի որևէ այլ անձ չկարողանա հայտագրել ոչ իր երեխային։

Սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։

«Գրանցման հաստատումը ստուգելու համար մենք ստեղծել ենք stugum.emis.am էջը, որը կգործի վաղը՝ ապրիլի 19-ից»,- նշեց Պողոսյանը:

Գործելու է թեժ գիծ երեք հեռախոսահամարովորոնց հարցերի դեպքում կարելի է զանգահարել 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77:

 

*

*