Արագածոտնի մարզպետն այցելել է Ծաղկահովիտ եւ Ալագյազ

Այսուհետ ներդրումային գումարները պետք է ուղղվեն սեփական եկամուտների բարձր ցուցանիշ ունեցող համայնքներին...

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 1-ին այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղի եւ մոտակա համայնքների ղեկավարները ներկայացրին առկա հիմնախնդիրները: Դրանք հիմնականում նույնաբնույթ են՝ հատուկ բարձր լեռնային գուտու բնակավայրերին: Խմելու ջրի մատակարարում, համայնքային ճանապարհների, դպրոցների,  համայնքային կենտրոնների վերանորոգում կամ կառուցում, գազիֆիկացում,  գյուղմթերքների իրացման հնարավորություն եւ այլն:

Մարզպետն առանձնակի կարեւորեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը եւ նշեց, որ կառավարության մոտեցումն այնպիսին է, որ այսուհետ ներդրումային գումարները պետք է ուղղվեն  սեփական եկամուտների բարձր ցուցանիշ ունեցող համայնքներին՝ դրանց զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման նպատակով:

Մարզպետն այնուհետեւ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին եւ այդ շրջանակում կատարվող սանիտարական մաքրման ու աղբահանության խնդիրներին: Նշվեց, որ  աղբահանության համար  մարզում այսուհետ գործելու է  11 աղբավայր: Արագածի տարածաշրջանում դրանք բացվելու  են Ալագյազ եւ Գեղադիր համայնքների տարածքում:

Աշոտ Սիմոնյանի երկրորդ կանգառը Ալագյազ համայնքն էր: Այստեղ եւս բարձրացված հարցերը նույնաբնույթ էին, որոնց լուծման համար մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց:

 

*

*