Աքորցի Գեւորգի 15-ամյա եղբայրն ասում է՝ ծառայելու է այնտեղ, որտեղ եղբայրն էր ծառայում

Առաջնագծում ծառայող Գևորգը գնդացրորդ էր: Նա զոհվեց ապրիլի 19-ի առավոտյան՝ դիպուկահարի կրակոցից:

Լոռու մարզի Աքորի համայնքից Գևորգ Գևորգյանը 2015թ.-ի  հունվարին էր մեկնել ժամկետային ծառայության: Ծնողները պատմում են, դպրոցն ավարտելուց հետո Գևորգը երազում էր  բանակ մեկնելու, ապա նաև զինվորական համակարգում իր ծառայությունը շարունակելու մասին:

Ժամկետային զինծառայության մեկ տարվա ընթացքում Գևորգը մշտապես նշում էր, որ գոհ է ծառայության պայմաններից: Ծնողներն էլ հպարտանում էին հայրենասեր որդով  ու սպասում նրա վերադարձին՝ նպատակները համատեղ ուժեով իրականացնելու համար:

Ապրիլյան պատերազմը, սակայն, տասնյակ ընտանիքների պես խախտեց նաև Գևորգյանների պլանները: Բնակարանի վերանորոգումը հետաձգվեց անորոշ ժամանակով, Գևորգի սիրած աղջկա սպասումները՝ դարձան հավերժություն:

Առաջնագծում ծառայող Գևորգը գնդացրորդ էր: Նա զոհվեց ապրիլի 19-ի առավոտյան՝ դիպուկահարի կրակոցից: Որդու զոհվելու մասին լուրն առաջինն իմացել էր հայրը, որը որդու հետ վերջին անգամ խոսել էր դեպքի նախորդ օրը:

Սոցիալական ծանր պայմաններում ապրող բազմանդամ ընտանիքում Գևորգը մշտապես աջակցողի ու իրենից փոքրերին խորհուրդ տվողի դերում էր: 15-ամյա եղբայրը՝ Ժորան, զինծառայող եղբոր խորհուրդներին սպասում էր բանակից ու հպարտանում նրա պես եղբայր ունենալու համար: Չնայած նրան, որ դեռևս 15 տարեկան է, Ժորան նպատակ է դրել՝ պետք է ծառայի այնտեղ, որտեղ եղբայրն է ծառայել:

aqori-gevorg- tun

*

*