Ապրիլյան պատերազմը բոլորիս մեջ էլ ինչ-որ բան փոխել է. զինծառայողի մտորումները

Ծառայությունը բոլոր տղամարդկանց պարտքն է. Վլադիմիր Վարդանյան
zincarayoghner

Տնտեսագիտական համալսարանի ուսանող Վլադիմիր Վարդանյանը 2016 թվականի հունվար ամսից ծառայում է ՀՀ զինված ուժերում: Նրա խոսքով` մեծ պատրաստակամությամբ է սկսել ծառայությունը՝ սկզբում ուսումնական զորամասում որպես կամավոր, այնուհետեւ տեղափոխվել է հետախուզական գումարտակ:

«Գումարտակում ծառայությունն ընտրել եմ ինքս, քանի որ նաեւ զբաղվում եմ սպորտով, սեւ գոտի ունեմ կիոկուշին կարատե մարզաձեւում: Կարծում եմ` ծառայությունը բոլոր տղամարդկանց պարտքն է, քանի որ, ինչպես ասում են, հայրենիքն ու ընտանիքը սկսվում են սահմանից: Բոլորս էլ գիտակցում ենք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր ընտանիքը եւ մեր ընկերներին»,- ասում է Վլադիմիրը:

Գեղարքունիքի մարզում ծառայող զինվորը համոզված է` ծառայության շնորհիվ զինվորները մեծ փորձ են ձեռք բերում հետագա կյանքի համար:

«Այնպիսի կարեւոր հատկանիշները, ինչպիսիք են, օրինակ, կարգապահությունը, զգոնությունը,  շատ են կարեւորվում ծառայության ընթացքում. սկսում ես ավելի ամրապնդել այդ հատկությունները: Այն նախապատրաստում է քեզ հետագա կյանքին, քանի որ ամեն դեպքում սա նոր սկիզբ է, երբ կողքիդ ոչ թե ընտանիքդ է եւ մանկության ընկերներդ, այլ հրամանատարները: Արդեն սկսում ես ավելի ինքնուրույն դառնալ, խնդիրներն ինքնուրույն  լուծել: Ուրախ եմ, որ թե նախորդ վայրում, թե այստեղ ունեմ լավ հրամանատարներ, ովքեր փորձում են մշտական աջակցություն ցուցաբերել, զրուցում են մեզ հետ, խորհուրդներ տալիս»,- ասաց զինծառայողը:

Վլադիմիրը պատմեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է իր մոտ ընկերներից մեկը, ով ծառայում էր Հադրութի պաշտպանական շրջանում: Նրա խոսքով` պատերազմը մեծ հետք է թողել իր վրա, միաժամանակ շատ բան սովորեցրել:

«Կարծում եմ, ապրիլյան պատերազմը  բոլորի մեջ էլ ինչ-որ բան փոխել է: Նախ եւ առաջ այն, որ պետք է ավելի զգոն լինել եւ ավելի իրատեսորեն մոտենալ թե՛ ծառայությանը, թե՛ այստեղ ստացած գիտելիքներին, քանի որ բոլորս պարզ գիտակցում ենք, որ Հայաստանը պատերազմող երկիր է, եւ պատերազմը երբեք էլ չի ավարտվում: Այդ իսկ պատճառով պետք է միշտ պատրաստ լինենք դիմակայելու»,-նշեց նա:

Վլադիմիրը վստահ է` ծառայության ընթացքում առաջացած դժվարությունները ժամանակի ընթացքում հնարավոր է հաղթահարել:

«Օրինակ` սկզբում հիմնական դժվարությունը կարոտն էր ծնողներիս, ընկերներիս հանդեպ, նաև նրանք էին ինձ կարոտում, բայց  զգում ես, որ ժամանակի ընթացքում դա էլ ես հաղթահարում, սկսում ես դրան վարժվել»,- ասաց զինվորը:

*

*