Ապրիլի 5. մեկ տարի անց

Ներկայացնում ենք մեկ տարի առաջ ճիշտ այսօրվա քրոնիկոնը:

Ներկայացնում ենք մեկ տարի առաջ ճիշտ այսօրվա քրոնիկոնը: Ի՞նչ իրավիճակ էր սահմանին, ինչպե՞ս լռեցին զինտեխնիկայի զարկերը, ինչու՞ Ադրբեջանական կողմը դիմեց Ռուսաստանի օգնությանը եւ ի վերջո ի՞նչ եղավ Պուտին- Սարգսյան-Ալիեւ հեռախոսազրույցից հետո:

2016 թվականի ապրիլի 5-ին արցախա-ադրբեջանական սահմանից առաջին պաշտոնական լուրը ժամը 8:30-ի սահմաններում ենք ստանում: Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր՝ օր օրի մեծացնելով կիրառվող զինատեսակի տրամաչափը՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերն առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Հակառակորդը շարունակում էր հրետակոծել բնակավայրերն ու հենակետերը՝ ակտիվորեն կիրառելով անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը խոցվում է հայ զինծառայողների կողմից: Դրանցից մեկն էլ ոչնչացվել էր նախօրեին: Ադրբեջանի զինուժը շարունակում է հրետակոծել նաեւ Մարտակերտը, մոտակա գյուղերն ու Մարտունին, ինչպես նաեւ Տավուշի հայկական դիրքերն ու որոշ բնակավայրեր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին 2 օրվա ընթացքում առաջնագծի ողջ երկայքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի 16 զինծառայող, ակնհայտորեն չափազանցված տվյալներ է տրամադրում նաեւ հայակական կողմի կորուստների մասին:

Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն ապրիլի 5-ին հայտնում է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայկական կողմի 29 զոհի եւ 101 վիրավորի մասին, եւս 26 զինծառայող համարվում էր անհայտ կորած: Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի բանակը կորցրել էր 14 տանկ: Ադրբեջանական բանակը, Վիկտոր Առուստամյանի խոսքով, ընդհանուր առմամբ կորցրել էր 24 տանկ, 4 հետեւակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ» կայանք եւ այլ զինտեխնիկա:

Կեսօրից հետո տեղեկատվություն է տարածվում, որ Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Ավելի ուշ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հաստատում է, որ կողմերի միջեւ ժամը 12-ից կրակը դադարեցնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել: Ադրբեջանի ՊՆ-ն եւս հաստատում է այս տեղեկատվությունը:

Ապրիլի 6-ին Հայաստանի կառավարության նիստից իմանում ենք, որ նման համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբերի պետերի միջեւ Մոսկովյան հանդիպման ժամանակ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններն ապրիլի 5-ին հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով սահմանին բռնության «աննախադեպ բռնկումը»: Նրանք կողմերին հորդորում են անհապաղ դադարեցնել կրակը. ըստ նրանց, այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Ապրիլի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Կրեմլի հաղորդմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվում տարբեր ձեւաչափերում շփումները շարունակելու մասին:

Ապրիլի 5-ի գիշերը եւ ապրիլի 6-ին սահմանային լարվածությունը համեմատաբար թուլանում է, բայց ապրիլի 7-ին արդեն, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների եւ ականանետների կիրառումից, հակառակորդը ձեռնարկում է նաեւ հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: Հետագա օրերին եւս հրադադարը շարունակաբար խախտվում է, ինչի հետեւանքով երկու կողմերն էլ զոհեր են ունենում:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*