Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ուշ. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը պատմել է իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:
anna-hakobyan

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկայում մեծ ճանապարհորդության մասին: Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետի Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց է տվել ռուսական «Экспресс газета»-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:

«Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, լսում էի այդ մասին՝ ծանոթ չլինելով հերոսի հետ»,-  պատմում է Աննա Հակոբյանը:

Աննայի հետ ծանոթության ժամանակ՝ 1995 թվականին, Նիկոլն արդեն կայացած մասնագետ էր: Նա, լինելով երկրորդ-երրորդ կուրսի ուսանող,  համագործակցում էր ընդդիմադիր պարբերականի հետ: Հինգերորդ կուրսում նա արդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետի լեգենդ էր: Պատահական չէր, որ 1995 թվականին նրան դուրս են թողել համալսարանից՝ քաղաքական հայացքների համար:

Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ամուսնու քաղաքական հայացքներին, ապա Աննա Հակոբյանը նշել է, որ ինքը մշտապես իմացել է՝ Նիկոլը լինելու է քաղաքականության մեջ ու պատրաստ է նրա հետ հաղթահարել դժվարությունները:

«Հեղափոխության ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Մարդիկ փողոցում ճանաչում էին, բարի խոսքեր էին ասում, հիմա էլ այդպես է: Դա շատ հաճելի է, և այդ սերը փոխադարձ է: Երբ իմ ամուսինը դարձավ վարչապետ, դրանից հետո մեր կյանքում, ընդհանուր առմամբ, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխվել է մեր բնակության վայրը, այժմ կա անվտանգության ծառայություն»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա պատմել է նաև իր երազանքների մասին, որոնցից է Աֆրիկայում ճանապարհորդելը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները