Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ կաշկանդված չեն որևէ մեկից նվիրատվություն վերցնելու

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ պետք է ի վերջո ազատվել համեմատականից»

Յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում ազատ է «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին նվիրատվություն կատարելու համար: Այս մասին վստահեցրեց հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչներ Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, երբ նախկինում որևէ բարեգործական հիմնադրամի բարեգործություն էին կատարում, քննադատության էին արժանանում, թե ուզում են արտոնություններ ձեռք բերել, հիմա նույն մարդիկ ևս նվիրվատվություն են կատարում:

«Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ պետք է ի վերջո ազատվել համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Մեր երկու հիմնադրամներին նվիրվատվություն անելու համար ազատ են բոլորը: Հիմնադրամին նվիրվատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրվատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, միջնորդներով են ուզում ճշտել, թե արդյոք կարող են նվիրվատվություն անել»,-ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ նման բարդույթ չունեն ու շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե արդյոք իրենց չի հետաքրքրում նվիրատվություն ստացած գումարների ծագումը, Հակոբյանը շեշտեց, որ կան բանկային հարաբերություններ. բանկը ստուգում է, թե այլ երկրներից արված փոխանցումներն ինչ ծագում ունեն: Նա վստահեցրեց, որ եթե լինում է կասկածելի ծագման գումար, որի փոխանցումը բանկը թույլ չի տալիս, իրենք ենթարկվում են:

*

*