Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին

Կարենի մայրը ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։
anna-hakobyan-kareni-yntaniq

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։

Ինչպես տեղեկացանք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանից, այցի նպատակն էր տեսակցելու Կարեն Ղազարյանի ծնողների հետ, տեղեկանալու Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանելու ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։

Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությունը և նրա կյանքն առհասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց տիկին Հակոբյանը։

Տիկին Հակոբյանի հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։

Տիկին Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։

Հարցին, թե երկու կողմերի միջև արդյոք կա գերեվարվածների փոխանակման առաջարկություն ադրբեջանական կողմից, տիկին Հակոբյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ։ «Ենթադրելի է, որ տրամադրություններ է շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահաղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում դատապարտված են 16 ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը),- պատասխանեց տիկին Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։

 

*

*