Անկե′ղծ, արդա′ր ուսանող

Իմ ընկերներից մեկը ասում է՝ ես համաձայն չեմ ուսանողների այս պահանջի հետ, բայց ուրախ եմ, որ ինչ-որ շարժում, ընդվզում, անհամաձայնություն կա
dasadul-tarketum

Զինապարտության օրենքում տարկետման վերաբերյալ փոփոխությունների դեմ արտահայտվող ուսանողներն արդեն 5-րդ օրն է՝ դասադուլ են անում, երթեր ու հավաքներ են անցկացնում, հանդիպում կամ վերջին պահին հրաժարվում են հանդիպել նախարարների հետ, սրտնեղում են, որ վարչապետն իրենց առանձին, «մեն-մենակ» չի ընդունել, բարձրախոսներով, ուղիղ կամ ոչ ուղիղ եթերներում կամ սոցցանցերում առարկություն չընդունող տոնով փորձում են բացատրել, թե ինչ են ուզում։ Բայց գոնե ես չեմ հասկանում նրանց ուզածը, ու ոչ թե դա կապ ունի իմ հասկանալու ընդունակության հետ, այլ, կարծում եմ՝ խնդիրը տղաների անհամոզիչ լինելն ու անկեղծության պակասն է։

Պատմականն փորձը ցույց է տալիս, որ ցանկացած շարժում, եթե նույնիսկ հիմնված է աշխարհի ամենաուժեղ, սրամիտ, սկզբունքային ու մի խոսքով՝ «պուպուշ» գաղափարի վրա, արագ մարում է, եթե բռնությամբ ժամանակավորապես չի ճնշվում, բայց դրանով իսկ նոր համակիրներ գրավում։ Ուսանողների այս շարժումիկը առաջին հայացքից պարզ է, որ գաղափարական այդպիսի հենք չունի։ Տղաները (նաեւ աղջիկներն, իհարկե, որ «պադդերժկա» են անում), գոնե իրենց բառերով, ցանկանում են, որ տարկետման իրավունք ստանան բոլոր այն ուսանողները, ովքեր իրենց կյանքն առանց գիտության չեն պատկերացնում, ովքեր լաբորատորիաներն ու գրադարանները ժամանակավորապես գերադասում են բանակում ծառայելուց միայն ու միայն Հայաստան երկրին օգուտ տալու եւ այն շենացնելու ազնիվ մղումից դրդված։  Այդ ցանկության մեջ որեւէ գաղափարական հենք տեսնելը դժվար է արդեն մի պարզ պատճառով, որ այն չկա։ Կոպիտ ասած՝ ամբողջ տարակարծությունը նրանում է՝ բանակում ծառայել բակալավրիատից անմիջապե՞ս, թե՞ մագիստրատուրաներ-ասպիրանտուրաներից հետո։  Եթե միակ նպատակը գիտությամբ զբաղվելն է, այլ ոչ թե պարզապես արհեստական ու ոչ մեկին պետք չեկող, կցած-կցմցած ինչ-որ թեզիկ պաշտպանելը, աստիճան ստանալն ու տարիքի կամ ընտանեկան դրության փոփոխության բերումով ընդհանրապես չծառայելը, հեչ, հեչ համոզիչ չեք, տղաներ։

Իմ ընկերներից մեկը ասում է՝ ես համաձայն չեմ ուսանողների այս պահանջի հետ, բայց ուրախ եմ, որ ինչ-որ շարժում, ընդվզում, անհամաձայնություն կա ու այն արտահայտողներն ավելի գերադասելի են, քան անտարբերները կամ պասսիվ անկարծիքները։ Ես էլ էի նրա հետ համաձայն, քանի դեռ մտածում էի, որ մեր երիտասարդներն ինչ-որ արժեքավոր գաղափարի համար կանգնել ու պայքարի փորձ են անում։ Բայց հիմա ցավոք տեսնում եմ, որ կամ իրենք էլ հստակ չգիտեն, թե ինչու է իրենց համար այդ տարկետման իրավունքն այդքան կարեւոր, կամ գիտեն, գոնե նրանցից մի քանիսը, բայց անկեղծ չեն՝ առաջին հերթին իրենց ետեւից գնացողների ու հենց թեկուզ՝ իրենք իրենց հետ։

Դասադուլ հանուն դասադուլի, պայքար հանուն պայքարի՝ փակուղի տանող մարտավարություն  է, մանավանդ երբ ձեզ առաջարկում են մաս կազմել ենթաօրենսդրական փոփոխություններ մշակող աշխատանքային խմբին, բայց դուք հրաժարվում եք՝ «Օրենքն այս տեսքով չպետք է ընդունվի եւ վերջ»՝ չասեմ որքանով հիմնավոր պատճառաբանությամբ։

Այսօր երթի մասնակիցները վանկարկում էին «Ազա′տ, արդա′ր ուսանող»։ Նույնը ես եմ ցանկանում, որ ունենանք իսկապես ազատ, արդար, մի քիչ էլ՝ անկեղծ ուսանող։

Հ.Գ.-Ես ինքս բանակում չեմ ծառայել, բայց ոչ այն պատճառով, որ գիտությամբ էի զբաղվում։

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*