Մենք այդ շրջափակման մեջ սպասում էինք, որ մեզ զենք հասցնեն, բայց մի օր ուղղաթիռ եկավ, և քվեատուփ բերեցին

Տիգրան Մանսուրյանն անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում:
ankaxutyan-or-pn (1)

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի միջոցառումները սեպտեմբերի 21-ին  եզրափակվեցին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած տոնական ընդունելությամբ և համերգով: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Միջոցառման մեկնարկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրեց իր ուղերձը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում: «Դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է պատմական և առհասարակ բոլոր առումներով: Ես պետք է ասեմ, որ այդ շրջանը սկսվեց մեծագույն թռիչքի և ուրախության և մեծագույն ցավի մեջ. մենք ունեցանք թե անկախություն, թե արցախյան պատերազմը: Դա շատ նման է մեր պատմության բոլոր փուլերին, երբ մենք միաժամանակ ունեցել ենք և ուրախություն, և ցավի զգացողություն»,- ասաց Մանսուրյանը:

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն էլ ընդգծեց, որ իր համար մեծ ուրախություն է գտնվել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառմանը: «Ես հիշում եմ դեռ տարիներ առաջ՝ 1996թ. սեպտեմբերի 21-ին ես համերգ ունեցա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը նվիրված էր անկախության տոնին: Մինչև այսօր այդ օրը ինձ հետ է: Շատ ուրախ եմ, որ այսօր ևս այստեղ եմ»,- ասաց Արաքս Մանսուրյանը:

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի համար անկախությունը շատ մեծ արժեք ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա իր կյանքից հետաքրքիր դրվագ հիշեց՝ ցույց տալու համար, թե որքան թանկ արժեք ունի իր համար անկախությունը: «1991թ. մենք անտառներում շրջափակման մեջ էինք: Մենք այդ շրջափակման մեջ սպասում էինք, որ մեզ զենք հասցնեն: Բայց մի օր ուղղաթիռ եկավ և քվեատուփ էին բերել, որպեսզի մենք մասնակցենք Հայաստանի անկախության հանրաքվեին: Մենք անտառում 40 հոգի էինք: Մենք սկզբում բարկացանք, որ մեզ զենքի փոխարեն քվեատուփ են ուղարկել: Հետո, երբ սթափվեցինք, հասկացանք, որ դա էլ շատ կարևոր է մեզ համար: Հասկացանք, որ շատ կարևոր քայլ պետք է կատարենք և այդ անտառներում՝ շրջափակման մեջ, մենք «այո» ասացինք անկախությանը: Այդ դժվար պահերին անկախությունը մեր ժողովրդի համար իսկապես շատ թանկ արժեք ուներ»,- պատմեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա նկատեց, որ հայ ժողովրդին հաջողվել է ստեղծել երկու պետություն, և թե Հայաստանի, թե Արցախի անկախությունը հարկավոր է ամեն գնով պահել: Արցախի հերոսն ընդգծեց, որ ինքը սովորաբար լուսանկարվել չի սիրում, սակայն ամեն տարի Հայաստանի անկախության տարեդարձի օրը լուսանկարվում է իր թոռների հետ, որպեսզի նրանց մեջ ամրապնդվի այդ օրվա կարևորությունն ու արժեքը: Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտեց, որ ցանկացած հայ պետք է լիարժեք գնահատի Հայաստանի անկախությունը, քանի որ այն ձեռք է բերվել հերոս հայորդիների ջանքերի և արյան շնորհիվ:

*

*