Տոն, որի համար պայքարել եւ զոհեր ենք տվել

«Ոչինչ և ոչ ոք մեզանից չի կարող խլել մեր անկախությունը, եթե մենք ինքներս ցանկանում ենք պահել այն»
ankakhutyun

Այսօր Անկախության օրն է։ Տոնական մի օր, որը մնացած տոներից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ դրան հասնելուն երազել ենք, պայքարել ու զոհեր ենք տվել, զրկանքներ ու դժվարություններ կրել՝ հանուն ազատության ու կռիվ տվել՝ ընդդեմ ստրկամտության։ Տոն, որի ոգին պաշտպանելու համար պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել։ Թարմ վկան՝ 2016-ի ապրիլը։

«Ոչինչ և ոչ ոք մեզանից չի կարող խլել մեր անկախությունը, եթե մենք ինքներս ցանկանում ենք պահել այն և չլինել ստրուկ»,-ասում է անկախության կերտողներից, Արցախյան ազատամարտի մասնակից Իգոր Սարգսյանը և հավելում,- մարդը, որը հարգում է իրեն, իր ծնողներին, սերունդներին, պարտավոր է պայքարել անկախության համար՝ երբեմն նաև մեծ զոհողությունների գնով»:

Իգոր Սարգսյանի համար անկախությունն առաջին հերթին մեր ինքնության, ազգի տեսակի, մշակույթի, անվտանգության պահպանման հիմնական գործոնն է.

«Պատմության ընթացքում հասկացել ենք, որ անկախությունն անհրաժեշտություն է: Թե որքանով մեր հետագա սերունդը կկարողանա, գնահատել, պահպանել այն, դա այլ խնդիր է: Ցանկացած մարդ, ով հարգում է իրեն, իր սերունդներին, իր ծնողներին պարտավոր է պայքարել անկախության պահպանման համար»:

Թե որքանո՞վ է մեր՝ անկախության սերունդը, գնահատում իրեն տրվածը և պահպանում այն թեկուզ ունեցած ամենաթանկի՝ կյանքի գնով …

«Անկախություն ասելով ես հասկանում եմ հայրենիքի համար կիսատ մնացած կյանքեր, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք ապրել: Անկախությունը ես նաև տառ առ տառ եմ հասկանում: Օրինակ՝ դպրոցական տարիներին, այլ  կերպ էի ընկալում, հիմա ինձ վրա եմ զգում անկախության պահպանման գինը»,-ասում է ապրիլյան պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը:

Ներքին ազատությունը մարդկանց երջանկության երաշխիքն է, անկախությունը՝ պետությունների, եթե այս դեպքում ձևն ու բովանդակությունը համընթաց են քայլում:

Շնորհավոր բոլորիս… Շնորհակալություն և հավերժ խոնարհում անկախությունը կերտողներին, դրա համար պայքարողներին և այն պահողներին: Շնորհակալություն՝ անկախությունը ճաշակելու մեր երջանկության համար կյանքը տվածներին:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*