Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած է համարվում 800-ից ավելի մարդ

Հունիսի 29-ը անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրն է:
zinvor-zoh

Հայաստանում եւ Արցախում հունիսի 29-ին հիշում են Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց, որ Արցախյան ազատամարտի տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհետ կորած է համարվում ավելի քան 600 մարդ, սակայն դրանք դեռ վերջնական թվերը չեն:

«Մենք աշխատանքներ ենք տանում ճշտելու նաեւ շահումյանցիների թիվը, քանի որ նրանք հիմնականում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց նա: Վիկտոր Քոչարյանի խոսքով` անհետ կորածներին գտնելու եւ նրանց հայրենադարձելուն ուղղված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:

«Ադրբեջանն ինչպես միշտ մեզ հետ ուղիղ կապ չի հաստատում, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ բավական բարդ են: Ինչ հնարավոր է, կատարվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ»,-ասաց նա: Արցախում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական, բարոյական, հոգեբանական օգնություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշեց, որ Արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում անհետ կորած է համարվում 200-ից ավելի մարդ:

Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ին, Հայաստանում եւ Արցախում ﬕ շարք միջոցառումներ կանցկացվեն:

Հայաստանում հունիսի 29-ի օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 7-ը, քանի որ ծրագրվում են այցելություններ նաև մարզեր:

Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին օրը նշվում է 2000 թվականից:

*

*